12 սեպտեմբերի 2018 - 10:14 AMT
Ադրբեջանցիները գնդակոծել են Վազաշենը, Բաղանիսն ու միջպետական ճանապարհը

Սեպտեմբերի 11-ին, ժամը 22.30-ից մոտ 10 րոպե ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից գնդակոծել է Տավուշի (նախկին Նոյեմբերյանի շրջան) Բաղանիս գյուղը և գյուղով անցնող միջպետական ավտոճանապարհը:

Բաղանիսի բնակիչ, լրագրող Աննա Սահակյանը հայտնեց, որ գնդակներից մեկը ընկել է իրենց առանձնատան բակում, հայտնում է «Առավոտը»:

Վնասների մասին տեղեկություններ չկան, դրանց առկայությունը կամ չլինելը հայտնի կլինի ավելի ուշ: Աննա Սահակյանը մտահոգություն հայտնեց, որ ադրբեջանական զինուժը սովորություն է դարձել երեկոները Նոյեմբերյանի բնակավայրերը գնդակոծելը:

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում հայտնել է օգտատեր Հովիկ Գյոզալյանը, գնդակոծվել է նաև սահմանամերձ Վազաշենը: