12 սեպտեմբերի 2018 - 10:32 AMT
Հայաստանի հարցը արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում

Սեպտեմբերի 11-ին ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Հանձնաժողովի նիստում քննարկվել են վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ «խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը և տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր և դատական իշխանությունների վրա ճնշումները»։

«Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Քննարկվել է նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցիձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում է կայացրել Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին`առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ, համացանցում է հայտնվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալսված հեռախոսային ձայնագրությունը: