Հայաստանի կառավարությունը կազմում է գազի գնագոյացման վերլուծություն։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
«Վերլուծությունն արդեն կազմվում է, և հարցն, անպայման, կքննարկվի ռուսական կողմի հետ։ Առայժմ կնախընտրեի չասել, թե կոնկրետ երբ»,-ասել է Միրոզյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ռուսական գազի գնի հարցը։
Հայաստանը սահմանին իսկապես գազը ստանում է ցածր գնով (150 դոլար 1000 խմ համար)։ Բայց տնային տնտեսություններին այն հասնում է մոտ 290 դոլարով։ Կողմերը պայմանավորվել են կրկին ուսումնասիրել գնագոյացումը Հայաստանի ներսում։