14 սեպտեմբերի 2018 - 13:40 AMT
Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն

Ադրբեջանում սեպտեմբերի 17-22-ը լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացվեն: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը:

Զորավարժություններին, որոնք կանցնեն ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ, կմասնակցի մոտ 20.000 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 120 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր տարբեր նշանակության բանակային և ռազմաճակատային ավիացիա, գրում է Trend-ը:

«Զորավարժությունների ընթացքում մշակվելու են մի քանի ուղղությամբ հակառակորդի պաշտպանության գծի տանկային ճեղքման, Ղարաբաղի տարածքում Հայաստանի առաջապահ ստորաբաժանումների և զինված խմբավորումների ջախջախման, ինչպես նաև ավիացիոն հարվածների և հրթիռահրետանային գնդակոծությունների միջոցով թշնամու տարածքում ռազմական և ռազմավարական օբյեկտների ոչնչացման ճանապարհով գրավյալ տարածքների ազատագրման խնդիրների լուծման գործողություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ զորավարժություններին մասնակցելու է նորագույն ռազմատեխնիկա և զենք, որոնք հայտնվել են Ադրբեջանի ԶՈւ-ում վերջին 10 տարում:

Սեպտեմբերի 11-14-ը Հայաստանում անկացվել են «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որի ընթացքում պետությունը բերվել էր պայմանական պատերազմական վիճակի:Սցենարով և անակնկալ իրավիճակներով փորձարկվել են բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները:

Զորավարժությունը նպատակաուղղված էր պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: