20 սեպտեմբերի 2018 - 13:06 AMT
Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը․ ՀՀ-ն պարտվել է Մուշեղ Սաղաթելյանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մարտի 1-ի վերաբերյալ՝ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, որով ճանաչվել են դիմողի բոլոր իրավունքների խախտումները:

Մարտի 1-ի զոհերի և տուժածների իրավահաջորդների պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պետության բոլոր փաստարկները մերժվել են։

«Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը», - գրել է նա:

Մուշեղ Սաղաթելյանը ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետն է, ով ակտիվորեն ներգավված էր 2008 թվականին ընդդիմության պայքարին, 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր։ Մարտի 1-ի իրադարձություններից հետո նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, 2010 թվականին՝ վաղաժամկետ ազատվել։

Հայաստանը Սաղաթելյանին պիտի վճարի 15600 եվրո որպես բարոյական վնաս և 500 եվրո՝ որպես իրավաբանական ծախսերի փոխհատուցում։

Թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործը վերաբացվել է: Մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: