24 սեպտեմբերի 2018 - 11:09 AMT
Վարչապետ. Վերադառնալուն պես բանակցելու եմ բոլոր ուժերի հետ ԱԺ արտահերթ ընտրության անցկացման շուրջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստան վերադառնալուն պես բանակցությունների է հրավիրելու խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներն՝ քննարկելու Աժ արտահերթ ընտրությունների անցկացմանը ժամկետներն ու պայմանները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Ընդհանուր առմամբ, այդպիսի տրամադրություն կար, որ ընտրություններն անցկացվեն հունիսից սկսած՝ մեկ տարվա ընթացքում, բայց ըստ էության, իրադարձությունները և այն սպասողական դրությունը, որն ապրում է մեր տնտեսությունը, պոտենցիալ ներդրողները, որոնք անընդհատ մեր բանավոր խոսքերին չեն հավատում, որ քաղաքական իրողությունները չեն փոխվելու, և նրանց հարկավոր է ավելի երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ: Եվ, ըստ էության, տնտեսական և ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու նկատառումով մենք պիտի աշխատենք ավելի վաղ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգման գործընթացը», - ասել է վարչապետը:

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են մեկ տարվա ընթացքում՝ ամենաուշը մինչև 2019 թվականի ամառ: