24 սեպտեմբերի 2018 - 12:13 AMT
ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Այդ մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին», - ասված է Ծառուկյանի հայտարարության մեջ

Ծառուկյանը նաև շնորհակալություն է հայտնել իր թիմին՝ սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար:

«Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն»,-ասվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ:

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 81.06 տոկոսը:

ԲՀԿ-ն ստացել է 25,219 ձայն (6.95%), «Լույսը»՝ 18,112 քվե (4.99%), ՀՅԴ-ն` 5882 ձայն (1.62%), «Երկիր Ծիրանի»՝ 5059 քվե (1.39%), ՕԵԿ-ը` 3948 ձայն (1.09%): Մնացած մասնակիցները ստացել են ձայների 1%-ից պակաս քվե։ «Իմ Քայլից» ու ԲՀԿ-ից բացի ավագանի կանցնի նաև «Լույս» դաշինքը։ Դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, սակայն կստանա մանդատներ, քանի որ ավագանիում առնվազն 3 ուժ պիտի ներկայացված լինի։