24 սեպտեմբերի 2018 - 12:48 AMT
«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը մասնակի՝ 48.5 մլն դրամի չափով փոխհատուցել է հասցրած վնասը

ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենը մասնակի՝ 48.5 մլն դրամի չափով, վերականգնել է պետությանը պատճառված վնասը, հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը:

ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել մի քանի դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ։

Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2015թ. ընթացքում պետական բյուջեով հատկացված դրամաշնորհի շրջանակներում հայտարարված մրցույթում մերժվել է 21.2 մլն դրամով ցածր գնային առաջարկ ներկայացրած ընկերության հայտը։ Փոխարենը՝ ծառայությունների մատուցման պայմանագրերը կնքվել են ավելի բարձր գին առաջարկած երկու այլ ընկերությունների հետ՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Բացի այդ, առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել նաև 2015-2018թթ. ընթացքում «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում, հեռարձակում, ձեռք բերում և բազմացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում, «Արի տուն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2017թ. ընթացքում «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության առանձին պաշտոնատար անձանց գործողություններում, որոնց հետևանքով պետական միջոցներից անհիմն ելքագրվել և վատնվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: