24 սեպտեմբերի 2018 - 13:45 AMT
ՀՀ նախագահը Ֆրանսիայում ներդրումների ներգրավման հարցեր է քննարկել

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) շրջանակում սեպտեմբերի 23-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև երկու տասնյակից ավելի հայտնի ընկերությունների, հիմնադրամների, կազմակերպությունների ու բանկերի ( այդ թվում՝ ամերիկյան Google, Nasdaq, Cargyll, McKinsey, Revolution, շվեյցարական Nestlé, Pictet և Lombard Odier, ֆրանսիական Groupe Accor, Publicis, OneRagtime, Société Générale, ռուսական «Ալֆա բանկ», բրիտանական Bridgepoint և Kleinwort Hambros) ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահը նրանց հետ քննարկել է հայաստանյան բիզնես միջավայրին, ինչպես նաև ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելություններն՝ ընդգծելով նրա կամրջող դերը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև, որը օտարերկրյա գործարարների և ներդրողների առջև բացում է նոր ու լուրջ հնարավորություններ։ Զրույցի ընթացքում սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։

Հանրապետության նախագահը Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) գկազմակերպիչների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել նման համաժողով Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանը հանդիպում-զրույց է ունեցել նաև երկու հեղինակավոր պարբերականների՝ բրիտանական The Financial Times և ֆրանսիական Les Echos թերթերի ղեկավարության հետ:

ՀՀ նախագահը Շամոնի քաղաքում մասնակցել է ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds) և հանդես եկել որպես գլխավոր բանախոս։ Անմիջական մթնոլորտում կառուցողական քննարկում է ծավալվել համաշխարհային տնտեսության զարգացման միտումների, ներդրումային հնարավորությունների և ժամանակակից աշխարհի մարտահրավերների, առաջնորդության և ռազմավարական որոշումներ կայացնելու շուրջ։ Նախագահ Սարգսյանի մոտեցումներն ու առաջ քաշած գաղափարները ջերմորեն են ընդունվել մասնակիցների կողմից։

Շամոնի գագաթնաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ հայտնի է «փոքր Դավոս» անվամբ: