24 սեպտեմբերի 2018 - 14:42 AMT
Մարության. Պատրաստ եմ ամեն ժամ, ամեն րոպե ծառայել ժողովրդին

Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը ոչ թե այդ թիմի, այլ ժողովրդի հաղթանակն է: Այդ մասին հայտարարել է դաշինքի ընտրացուցակի առաջին համար և քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում:

Նա հավելել է, որ պատրաստ է ամեն ժամ, ամեն րոպե ծառայել ժողովրդին, որպեսզի Երևանը դառնա ժողովրդի երազանքների քաղաքը:

«Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ:

Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել Ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը», - ասվում է Մարությանի տարածած հաղորդագրությունում։

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 81.06 տոկոսը:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը մեխանիկորեն դառնում է Երևանի քաղաքապետ: Ըստ օրենքի, եթե քաղաքական ուժը ստացել է ձայների 50%-ից ավելին, ապա թեկնածուների ցուցակի առաջին համարն օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ։