24 սեպտեմբերի 2018 - 15:18 AMT
Շարմազանովը՝ Մինսկում. Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսն ու Ադրբեջանը

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսն ու Ադրբեջանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահՎլադիմիր Անդրեյչենկոյի հետ հանդիպմանը:

Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահՎլադիմիր Անդրեյչենկոյի հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերը՝ ընդգծելով, որ ՀՀ համար առանցքային նշանակություն ունի անվտանգության մարտահրավերներին արդյունավետ դիմակայելը: Այս համատեքստում Շարմազանովն անդրադարձել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով հայկական կողմի դիրքորոշումը՝ հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա:

«Բանակցություններում առաջընթացի միակ խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է: Այդ պետությունը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, մինչդեռ հակամարտության կարգավորումը պետք է երաշխավորի Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքների իրագործումը: Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ- բելառուսական Միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, համագործակցությունը ՀԱՊԿ, ԱՊՀ և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովներում: Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացմանը ԵՏՄ շրջանակում, հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ՀՀ Ազգային ժողովի և Բելառուսի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներին: Պատվիրակությունը կայցելի նաև «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիր, կհանդիպի Բրեստի նահանգապետի հետ: