24 սեպտեմբերի 2018 - 16:05 AMT
Մոլդովայի նախագահը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից

Մոլդովայի Սահմանադրական դատարանը ժամանակավորապես հեռացրել է նախագահ Իգոր Դոդոնին իր լիազորությունները կատարելուց:

«Նշված են հանգամանքները, որոնք արդարացնում են նախագահի ժամանակավոր հեռացումը պաշտոնից, քանի որ նա հրաժարվել է նշանակել նախարարներին, որոնց թեկնածությունները երկրորդ անգամ առաջարկել է երկրի վարչապետը»,-հայտարարել է դատարանի նախագահ Միխեյ Պոալելունժը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սեպտեմբերին վարչապետ Պավել Ֆիլիպն առաջարկել էր Դոդոնին երկու նոր նախարարի թեկնածություն: Առաջարկվում էր Սիլվիա Ռադուին նշանակել առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար, իսկ Նիկոլայ Չուբուկին՝ գյուղատնտեսության և տարածաշրջանային զարգացման նախարար: Սակայն Դոդոնը դեմ էր այդ թեկնածություններին:

Նախագահը հայտարարել էր, որ Ռադուն չունի բժշկական կրթություն, իսկ Չոբուկի պարագայում «հարցեր ունի վերջինիս անկաշառության առումով»:

Ըստ Մոլդովայի սահմանադրության, նախագահն իրավունք ունի մեկ անգամ մերժելու վարչապետի ներկայացրած թեկնածությունները: Երկրորդ անգամ մերժելու դեպքում նախագահին կարող են հեռացնել պաշտոնից, որպեսզի նշանակման մասին հրամանագիրը ստորագրի խորհրդարանի ղեկավարը կամ վարչապետը: Դոդոնին 3 անգամ են ժամանակավորապես հեռացրել պաշտոնից, որից 2 անգամը կապված էր թեկնածությունները մերժելու հետ՝ 2017-ի հոկտեմբերին և 2018-ի հունվարին: Նշանակման հրամանագրերն այդ ժամանակ ստորագրել է ԱԺ նախագահը:

Մոլդովայի նախագահի և կառավարության դիմակայությունն արդեն տարիների պատմություն ունի: Վիճաբանության հիմնական թեման արտաքին քաղաքականությունն է՝ նախագահը պնդում է ՌԴ հետ մերձեցման վրա, իսկ ԱԺ մեծամասնությունը և կառավարությունը հակված են դեպի Արևմուտքը: