24 սեպտեմբերի 2018 - 16:26 AMT
Արա Բաբլոյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին և ընտրություններում հաղթած մյուս ուժերին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին: Այդ մասին ասվում է ԱԺ նախագահի տարածած հայտարարության մեջ:

Բաբլոյանը նշել է, որ թեև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ պաշտոնապես ամփոփված չեն, սակայն նախնական արդյունքների հիման վրա կարելի է արձանագրել, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված:

«Շնորհավորում եմ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին և դաշինքի առաջին համարը զբաղեցնող թեկնածու Հայկ Մարությանին` ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

Շնորհավորում եմ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և «Լույս» դաշինքին` Երևան քաղաքի ավագանու կազմում ընգրկվելու կապակցությամբ: Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում»,-ասվում է Արա Բաբլոյանի հայտարարության մեջ :

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 81.06 տոկոսը:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը մեխանիկորեն դառնում է Երևանի քաղաքապետ: Ըստ օրենքի, եթե քաղաքական ուժը ստացել է ձայների 50%-ից ավելին, ապա թեկնածուների ցուցակի առաջին համարն օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ։

ԲՀԿ-ն ստացել է 25,219 ձայն (6.95%), «Լույսը»՝ 18,112 քվե (4.99%), ՀՅԴ-ն` 5882 ձայն (1.62%), «Երկիր Ծիրանի»՝ 5059 քվե (1.39%), ՕԵԿ-ը` 3948 ձայն (1.09%): Մնացած մասնակիցները ստացել են ձայների 1%-ից պակաս քվե։ «Իմ Քայլից» ու ԲՀԿ-ից բացի ավագանի կանցնի նաև «Լույս» դաշինքը։ Դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, սակայն կստանա մանդատներ, քանի որ ավագանիում առնվազն 3 ուժ պիտի ներկայացված լինի։