24 սեպտեմբերի 2018 - 16:30 AMT
Գազի սակագներով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ գազի սակագնի ձևավորման հետ կապված հարցերի ուսումնասիրության համար։

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանձնաժողովը բաղկացած է 8 հոգուց, նրա նախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, այնտեղ ընդգրկված են նաև էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ռուսաստանյան «Կոմերսանտին» տված հարցազրույցում Փաշինյանը պատմել էր, որ հայտնել է Պուտինին գազի ներքին սակագնի բարձր լինելու մասին, ինչից հետո որոշվել է, որ հարցը կուսումնասիրվի։