24 սեպտեմբերի 2018 - 17:37 AMT
«Կոմերսանտ». ՌԴ-ն ուզում է, որ Երևանն արգելի ամերիկացիներին մտնել իրենց իսկ կառուցած լաբորատորիաները

Մոսկվան բանակցում է Երևանի հետ մի փաստաթղթի շուրջ, որը կարգելի ՀՀ-ում գտնվող կենսաբանական ռեդեֆերենս-լաբորատորիաների օգտագործումը երրորդ երկրների կողմից։ Այս մասին է գրում ռուսաստանյան «Կոմերսանտը»։

«Եթե բանակցությունները հաջող ավարտ ունենան, ապա, օրինակ, ամերիկացի փորձագետները չեն կարողանա մուտք գործել լաբորատորիաներ»,-գրում է թերթը:

Հատկանշական է, որ նշված լաբորատորիաները բացվել են 2016 թվականին հենց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ։ Դրանք գործում են Երևանում, Գյումրիում և Իջևանում: ԱՄՆ ֆինանսավորմամբ ռեֆերենս լաբորատորիաներ են գործում Հայաստանից բացի, նաև Ուկրաինայում, Վրաստանում և Ղազախստանում: Մոսկվան մտահոգված է այդ հանգամանքով և վաղուց էր փորձում մուտք գործել այնտեղ, իսկ ռուսաստանյան որոշ ԶԼՄ-ներ պնդում էին, որ լաբորատորիաները վտանգավոր են, քանի որ կարող են զբաղվել կենսաբանական զենքի արտադրությամբ և օգտագործել այն Հայաստանի բնակչության դեմ, ինչը մշտապես հերքվում էր ՀՀ ու ԱՄՆ կողմից:

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո թույլ էր տվել ռուս մասնագետների մուտքը նշված լաբորատորիաներ, ինչի մասին ինքը Փաշինյանը հայտնել էր «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում։ Փաշինյանի խոսքով, մասնագետները համոզվել էին դրանց անվտանգ լինելու մեջ։

Հունիսի 11-ին Ալմաթիում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), արտգործնախարարների խորհրդի նիստում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտագոհություն էր հայտնել Հայաստանում և Ղազախստանում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին բացված ռեֆերենս լաբորատորիաների գործունեության վերաբերյալ: