25 սեպտեմբերի 2018 - 10:43 AMT
Փաշինյանը՝ ՄԱԿ-ում. Լինելով նախկին քաղբանտարկյալ՝ մտովի վերապրում էի Մանդելայի ուղին

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպությունում մասնակցել է «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթնաժողովին, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փաշինյանը ներկա է եղել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը, որին մասնակցել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքային քննարկումներին մասնակցող բազմաթիվ պետությունների առաջնորդներն ու կառավարությունների ղեկավարները:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ իրհամար մեծ պատիվ է ողջույնի խոսքով դիմել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովին, որը ոգեկոչում է այդ սրբադաս քաղաքական առաջնորդի հարյուրերորդ տարեդարձը:

«Ընդամենը կես տարի առաջ Հայաստանի ժողովուրդը մերժեց վախը, ընդվզեց անարդարության դեմ և դուրս եկավ փողոց՝ պահանջելու իր հիմնարար իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը: Երբ Երևանի փողոցներում ծավալվում էին բախտորոշ իրադարձություններ, ինձ հարցրեցին, թե արդյոք ես ունեի առաջնորդի իմ տեսլականը, որը ոգեշնչում էր ինձ իմ ժողովրդին ժողովրդավարություն և սոցիալական արդարություն բերելու ջանքերում, ես պատասխանեցի՝ այո, կա այդպիսի առաջնորդ: Իսկ այդ առաջնորդը Նելսոն Մանդելան է: Լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ ես մտովի վերարծարծում և վերապրում էի այդ նշանավոր քաղբանտարկյալի քաղաքական ուղին և կյանքի պատմությունը, որը պիտի փոխեր իր երկիրը և իհարկե իրագործեր միլիոնավոր մարդկանց ձգտումները», - իր ելույթում մասնավորապես ասել է վարչապետը:

Փաշինյանն ասել է, որ գալիս է մի տարածաշրջանից, որտեղ, «արյունոտ հակամարտությունները, կոռումպացված կառավարման համակարգը և մարդկանց միջև թշնամանքը հաճախ ստվերում են սիրո իմաստությունն ու խաղաղ գոյակցության անհրաժեշտությունը»:

«Ասում են, թե ժողովրդավար ազգերը միմյանց դեմ չեն պատերազմում: Հույս ունեմ, որ մի օր մեր տարածաշրջանի ժողովրդավարական զարգացումը բացառելու է ռազմական գործողությունները, պատերազմների և ատելության ռիսկերը: Հայաստանը հաստատապես ընթանում է այս ճանապարհով և անվերապահորեն կողմ է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և հաշտեցմանը», -ասել է վարչապետը:

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Նյու Յորք, որտեղ հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչներին: