25 սեպտեմբերի 2018 - 10:39 AMT
«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Հայկակ Արշամյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայկակ Արշամյանի թեկնածությունը Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում՝ 3 տարի ժամեկտով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի համար հայտերի ընդունման ժամկետն ավարտվել էր օգոստոսի 31-ին:

Ստացվել էր 42 հայտ 7 երկրից (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան): Ընտրող հանձնաժողովը, որում ընդգրկված էին Հայաստանի և Արցախի նախագահների, ՀՀ վարչապետի ներկայացուցիչները, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը և Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը, քննելով հավակնորդների գործերը, սեպտեմբերի 10-ի նիստում նրանցից 12-ի հետ հարցազրույցի և հետխորհրդակցության արդյունքում հաղթող է ճանաչել Հայկակ Արշամյանին, որի թեկնածությունն էլ առաջադրվել էր հոգաբարձուների խորհրդի հաստամանը, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Հայկակ Արշամյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։

Ավելի վաղ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, որը ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն էր ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը: Միևնույն ժամանա Արավ Վարդանյանն իր ուղերձում գրել է, որ Խորը ցավ է ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը, և ներողություն է խնդրել բոլորից:

Հուլիսի 2-ին հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ։ Ծառայությունը հայտնել էր, որ Վարդանյանը հիմնադրամի գումարները ծախսում էր օնլայն-խաղատներում, հետագայում՝ հետ մուտքագրում։ Վարդանյանին ազատել էին գրավի դիմաց։