25 սեպտեմբերի 2018 - 11:06 AMT
ԵԽ հանձնակատար. Մարտի 1-ի դեպքերը պետք է քննել «օրենքի գերակայության խստագույն պահպանմամբ»

2018-ին Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությունն իսկապես ուշագրավ էր, սակայն, հանրային ակնկալիքները շատ բարձր են՝ որ կլինեն շոշափելի բարելավումներ մարդկանց կյանքում, ուստի կառավարությունը պետք է իր ուշադրությունը հրավիրի այն մարդկանց անտեսված իրավունքների վերականգնմանը, ովքեր ամենախոցելիներն են: Այդ մասին ասել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ամփոփելով սեպտեմբերի 15-20-ը Հայաստան կատարած այցը։

Անդրադառնալով 2008-ի մարտյան դեպքերին՝ հանձնակատարը ողջունել է Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը, վերջապես պատասխանատվություն սահմանել 10 զոհերի համար ու փակել երկրի պատմության այս ցավալի էջը։ Հանձնակատարը, սակայն, շեշտել է, որ «դա պետք է անել ուշադիր ու օրենքի գերակայության խստագույն պահպանմամբ, դատական անխակության, թափանցիկության ու արդար դատաքննության պայմաններում, որպեսզի փարատվի վրեժխնդրության քաղաքականության կամ ընտրովի արդարադատության ցանկացած մեղադրանք», հայտնում է Panorama.am-ը։

Հանձնակատարն ուշադրություն է հրավիրել կանանց իրավունքներին ու նրանց քաղաքական մասնակցությանը՝ նշելով, որ Հայաստանի հանրային կյանքում կանանց մասնակցությունը պետք է առավել արդյունավետորեն առաջ մղվի, հատկապես, որոշումների կայացման ամենաբարձր մակարդակներում ու տեղական մակարդակներում, որտեղ այն ցածր է, Հանձնակատարը կարծում է, որ ժամանակավոր հատուկ միջոց կարող է լինել պարտադիր քվոտաների սահմանումը ու խորհուրդ է տալիս կոնկրետ ու հավակնոտ թիրախներ կանանց մասնակցության համար՝ ներառյալ տեղական ընտրությունները։ Կառավարությունը պետք է խրախուսի կանանց ու աղջիկներին ակտիվորեն ընդգրկվել քաղաքական կյանքում։

«Քանի որ Հայաստանը կարևոր անցումային շրջանում է, ես կոչ եմ անում բոլոր քաղաքական գործիչներին ու կարծիք ստեղծող լիդերներին՝ նպաստել միասնական հասարակության ձևավորմանը և յուրահատուկ ուշադրություն դարձնել՝ խուսափելու հանրային դիսկուրսում բևեռացնող, խեղաթյուրող, բորբոքող խոսքից»,- նշում է հանձնակատարը։

Դունյա Միյատովիչը հատուկ ուշադրության է արժանացրել նաև Հայաստանում ծերանոցների ու մանկատներ, հաշմանդամների խնդիրներին, նրանց պայմաններին։ Ողջունել է Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենքի ընդունումը։ Հանձնակատարը կոչ է արել իշխանություններին նաև ընդունել խտրականության դեմ պայքարի մասին օրենք, պայքարել ատելության խոսքի, ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ատելության հանցագործությունների դեմ, ինչպես նաև ապահովել, որ նման բոլոր միջադեպերը պատշաճորեն դատապարտվեն, հետաքննվեն ու հետապնդվեն։

Դունյա Միյատովիչը առաջիկայում կհրապարակի նաև իր այցի վերաբերյալ զեկույցը։

Ավելի վաղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել էր «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» և «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռները, որտեղ նշվում է, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողությունները եղել են ապօրինի և նպտակ են ունեցել ցրելու խաղաղ քաղաքական հավաքը՝ տեղազզնության պատրվակով: Վճիռներում նշվում է նաև, որ խախտվել են հայցվորների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներ՝ նրանց նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորվել, արդյունավետ քննություն չի իրականացվել, նրանց կալանավորելը եղել է անօրինական և չեն բացատրվել նրանց կալանավորելու օրինական հիմքերը։

ՄԻԵԴ-ի կողմից մերժվել են Հայաստանի կառավարության բոլոր հակափաստարկները: