25 սեպտեմբերի 2018 - 14:02 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան. Առաջիկա ընտրությունները, հավանաբար, ինձ համար վերջինը կլինեն

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջիկա համապետական ընտրությունները հավանաբար կլինեն վերջինը, որոնք կպահանջեն անձնապես իր մասնակցությունը:

Նա նշել է, որ «Ժառանգությունը», նոր Հայաստանի նոր սերունդը, քաղաքական դաշտը նոր ձևաչափերի լուծումների կարիքը կունենա: «Կարծում եմ՝ շեշետը պետք է դրվի նորարար բովանդակություների, ձևաչափերի վրա՝ չբացառելով նաև եղած ավանդական հին ու նոր կուսակցությունների մասնակցությունը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Հովհաննիսյանի խոսքով, եթե հասարակության վստահության քվեն վայելող ուժը վարչապետի գլխավորությամբ որոշի շարունակել պայքարը համաժողովրդական եղանակով՝ չնեղացնելով այդ պայքարը կուսակցական հարթության մեջ, ուրեմն իրենք կդիտարկեն կոալիցիոն կամ կոնսոլիդացիոն մոտեցումների շարունակությունը, որը միշտ եղել է իրենց նախընտրությունը։

«Եթե իրական գործոններից, դիտարկումներից, որոշումներից ելնելով այնպես լինի, որ համաժողովրդական շարժումը ժամանակից շուտ կուսակցականանա, կարելի է ակնկալել, որ մենք որպես բարեկամ, որպես ավագ, երկարամյա գործընկեր նոր Հայաստանի պայքարի մեջ կդառնանք ընդդիմադիր այն մտայնությամբ, որ կուզենա նեղացնել ու սեփականաշնորհել նոր Հայաստանի արժեքները, համաժողովրդական մոտեցումը»,- ասել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը։

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեների 81.06 տոկոսը:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը մեխանիկորեն դառնում է Երևանի քաղաքապետ: Ըստ օրենքի, եթե քաղաքական ուժը ստացել է ձայների 50%-ից ավելին, ապա թեկնածուների ցուցակի առաջին համարն օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ։

ԲՀԿ-ն ստացել է 25,219 ձայն (6.95%), «Լույսը»՝ 18,112 քվե (4.99%), ՀՅԴ-ն` 5882 ձայն (1.62%), «Երկիր Ծիրանի»՝ 5059 քվե (1.39%), ՕԵԿ-ը` 3948 ձայն (1.09%): Մնացած մասնակիցները ստացել են ձայների 1%-ից պակաս քվե։ «Իմ Քայլից» ու ԲՀԿ-ից բացի ավագանի կանցնի նաև «Լույս» դաշինքը։ Դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, սակայն կստանա մանդատներ, քանի որ ավագանիում առնվազն 3 ուժ պիտի ներկայացված լինի։