Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին կայցելի Ադրբեջան շատ պարզ նպատակով՝ հիշեցնել, որ Ռուսաստանը նախկինի պես առաջատար դիրքերում է տարածաշրջանում, որի հետ հարկավոր է հաշվի նստել: Այս մասին ասվում է BBC-ի «Պուտինը Բաքվում. Մեծ մտրակն ու փոքր քաղցրաբլիթը» հոդվածում:
Նշվում է, որ Մոսկվայի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն խախտվել են, կապված շարունակվող միջազգային պատժամիջոցների և վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ:
Շատերն Ադրբեջանում համարում են, որ ՌԴ-ն խորտակվող «Տիտանիկ» է: Այդ մասին ասել է Օքսֆորդի համալսարանի տարածաշրջանի գծով փորձագետ Լեյլա Ալիևան: Սակայն, խորտակվող «Տիտանիկը» մեծ առևտրային ու տնտեսական գործընկեր է, որի տեղն այսօր պատրաստ չեն զբաղեցնել Ադրբեջանի ավանդական դաշնակիցները՝ Թուրքիան ու Իրանը: Ուստի, Բաքուն, օրինակ, շարունակում է ռուսական զենք գնել, գրում է պարբերականը:
«ՌԴ ադրբեջանական համայնքը պաշտոնապես մոտ կես միլիոն է: Ըստ ՌԴ ԿԲ-ի, ամեն տարի ՌԴ-ից Ադրբեջան է փոխանցվում 1,2 մլրդ դոլար: Եթե զարգացումներն անբարենպաստ լինեն, Ադրբեջանը կարող է կրկնել 2008-ի վրացական սցենարը՝ սկսելով արտաքսել ադրբեջանցիներին:
Կրեմլը նաև կարող է որոշել, որ ժամանակն է սատարել Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին՝ քրդերին, թալիշներին, լեզգիներին: Նրանց քանակը մեծ չէ, բայց նրանք գլխացավանք են Բաքվի համար:
Հոդվածում նշվում է, որ ՌԴ-ն Ադրբեջանին ճնշելու նաև տնտեսական լծակներ ունի: Եվ, անկասկած, այս ամենին գումարվում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
«Ռուսաստանը կարող է սկսել առավել ակտիվ սատարել Հայաստանին, ինչպես Ադրբեջանի հանդեպ ճնշումը սաստկացնելու միջոցով, այնպես էլ ՀՀ նոր ղեկավարության հետ առավել սերտ հարաբերություններ ստեղծելու համար: Անշուշտ, դա երկակի հետևանքներ կաորղ է ունենալ, քանի որ մինչ այժ ՌԴ-ն հանդես էր գալիս որպես յուրօրինակ արբիտր և զսպող գործոն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Զրկվել այդ կարգավիճակից, կնշանակի հեղինակությունը հարվածի տակ դնել, չհաշված որ հերթական տարածաշրջանային հակամարտություն Կովկասում ՌԴ-ին պետք չէ:
Մի կողմից, Մոսկվան չի ցանկանա սրել ղարաբաղյան հակամարտությունը, մյուս կողմից՝ Կրեմլը միշտ չէ, որ իրեն ռացիոնալ է պահում: Տակտիկական եզրակացությունները կարող են գերակշռել ռազմավարական նպատակահարմարության նկատառումները, ինչպես արդեն բազմիցս է եղել»,-գրում է պարբերականը:
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի համար իշխանափոխությունը Երևանում մտահոգության մեծ առիթ է, այդ թվում նաև այն պատճառով, որ Մոսկվան դրան չմիջամտեց:
«Պուտինը կարող է աջակցություն խոստանալ Ալիևին ներքին ընդդիմության հետ պայքարում, թեև այս հարցում նրա իրական հնարավորությունները սահմանափակ են՝ մնում է միայն տանկեր մտցնել Բաքու: Մոսկվան կարող է նաև որպես բրոքեր հանդես գալ ադրբեջանա-իրանական հարաբերություններում բարդ հարցերի լուծման համատեքստում, սակայն, ասյտեղ էլ ՌԴ ազդեցությունը հարկ չկա գերագնահատելու:
Այնպես որ, հավանաբար, Պուտինը մեծ մտրակ է տանում Բաքու և փոքր քաղցրաբլիթ»,-ասվում է հոդվածում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան պաշտոնական այցով: Հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ: