28 սեպտեմբերի 2018 - 14:49 AMT
Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին ելույթ կունենա ZAZ-ը

Ֆրանկոֆանիայի գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գալա-համերգ, որի ժամանակ ելույթով հանդես կգա ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը (Զազ)։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ հավելելով, որ սպասվում են նաև բազմաթիվ ֆրանկոֆոն հայտնի աստղերի ելույթներ:

«Մենք գիտենք, որ ZAZ-ը շատ սիրված է Հայաստանում»,-ասել է դեսպանը, հայտնում է Panorama.am-ը։

Գալա-համերգի օրը դեռ հստակ չէ:

Անդրադառնալով այն հարցին, թե գալա-համերգին այդյոք ելույթ է ունենալու նաև ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ դեսպանն ասել է, որ Ազնավուրը ներկա կլինի, թե ոչ, դա անակնկալ է։

«Կարծում եմ այս հարցով Ազնավուրի հետ կապի մեջ են Հայաստանի իշխանությունները, բայց մինչև գագաթնաժողով խորհուրդ եմ տալիս վերհիշել Ազնավուրի երգերը»,-ասել է Ժոնաթան Լաքոտը։

Ազնավուրի ներկայության դեպքում հնարավոր է բեմում միասին տեսնենք Ազնավուրին ու ZAZ-ին, որոնք համագործակցել են ու հանդես եկել զուգերգով։

2018թ.-ի հոկտեմբերի 11-12-ին Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆանիայի գագաթնաժողովը, որի ժամանակ Հայաստանը կհյուրընկալի 84 երկրի պատվիրակություն։

Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն: