9 հոկտեմբերի 2018 - 14:50 AMT
Շարմազանովը՝ Սլովակիայի ԱԽ նախագահին. Զենքի վաճառքն Ադրբեջանին անընդունելի է

Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 9-ին Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ հանդիպմանն իր մտահոգությունն է հայտնել սլովակյան MSM Martin ընկերության կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ՝ այն համարելով մտահոգիչ և անընդունելի:

«Այդ պետությունը զենքը կիրառում է Արցախի խաղաղ բնակիչների դեմ»,-ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը: Կողմերը կարևորել են բոլոր հակամարտությունների, այդ թվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, կարևորել փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը բարեկամական խմբերի մակարդակում:

ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցված աշխատանքի արդյունավետությանը վերաբերող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարևորել է Սլովակիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը:

Սլովակյան MSM ընկերությունը Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության լիցենզիան ունի արդիականացված RM-70 հրթիռային համազարկային կայանքներ և Dana հաուբիցներ արտահանելու համար: