10 հոկտեմբերի 2018 - 10:19 AMT
Սարգսյանը, Փաշինյանն ու Բաբլոյանը քննարկել են ներքաղաքական իրավիճակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես խոստացել էր, Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ: Այդ շրջանակում Հանրապետության նախագահն իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարևորելով երկրում կայունության պահպանումն ու հանդուրժողականության մթնոլորտը:

Արմեն Սարգսյանը ողջունել է անցած օրերի բանակցային գործընթացը և շեշտել, որ իրավիճակի հանգուցալուծման և առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը կշարունակեն խոհեմություն ու սթափություն դրսևորել և առաջնորդվել երկրի շահերով, Սահմանադրությամբ ու օրենքներով:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երևան վերադառնալուն պես:

Նախագահը հորդորել էր լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է և պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով, հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: