Ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (International Republican Institute) կազմակերպության իրականացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո ապագայի նկատմամբ լավատեսության աննախադեպ բարձր մակարդակ է գրանցվել:
Կազմակերպության իրականացրած հարցմանը մասնակցածների 82%-ը մեծ հույսեր է կապում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, որից 39%-ը շատ դրական, իսկ 43%-ը մասամբ դրական է գնահատում նոր կառավարության գործունեությունը:
73%-ը կարծում է, որ Հայաստանը զարգացման ճիշտ ուղով է գնում, 81%-ը համոզված է կամ հուսով է, որ ապագան ավելի լավն է լինելու:
Հարցմանը մասնակցածների 36%-ը նախընտրում է տեսնել կտրուկ և արագ բարեփոխումներ, 34%-ն ակնկալում է, որ այդ բարեփոխումները լինեն ավելի շուտ աստիճանական, իսկ 24%-ը կարծում է՝ բարեփոխումները պետք է անել աստիճանաբար:
81%-ը կարծում է, որ երկրում կոռուպցիան նահանջել է, 15%-ի համար իրավիճակն անփոփոխ է մնացել, իսկ 2%-ի համար իրավիճակը վատթարացել է:
Հարցմանը մասնակցել է Հայաստանում մշտական բնակություն ունեցող 1200 չափահաս մարդ: Հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետդեպարտամետի Միջազգային զարգացման գործակալության կողմից:
Ընթերցեք նաև՝ «Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ավելի շատ ձեռնարկություններ են գրանցվում»: