18 հոկտեմբերի 2018 - 17:33 AMT
Փաշինյան. Գյուլերի գործերը նոր մակարդակի բարձրացրին համաշխարհային լուսանկարչական արվեստը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Սրտի խոր ցավով տեղեկացա, որ կյանքի 90-րդ տարում իր մահկանացուն է կնքել պոլսահայ մեծ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Տասնամյակներ շարունակ նրա խորաթափանց աչքը տեսել և արձանագրել է պատկերներ, որոնք նոր մակարդակի բարձրացրին համաշխարհային լուսանկարչական արվեստը։Իմ ցավակցությունն եմ հայտնում մեծ արվեստագետի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա ստեղծագործության բազմահազար երկրպագուներին Հայաստանում, Թուրքիայում և ողջ աշխարհում»։

Հոկտեմբերի 17-ի երեկոյան 90 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը, հայտնում է թուրքական մամուլը:Նշվում է, որ լուսանկարչի մահված պատճառ է դարձել սրտի կանգը:

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով:

Ծնվել է Ստամբուլում՝ 1928-ին, հայերի ընտանիքում: Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազմաթիվ գրքեր: Նա լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալլասին, Ջոն Բերգերին, Բերնարդ Ռասսելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Ինդիրա Գանդիին, Սերգեյ Փարաջանովին և այլոց: Պարգևատրվել է ֆրանսիական Legion d’ honneur, 2005թ.` թուրքական Grand prize of culture and art, 2009թ.` Նյու Յորքի Lucie Award մրցանակներով:

Ընթերցեք նաև՝ «Արա Գյուլեր. Ես միշտ վազել եմ երջանկության հետևից, բայց երբեք երջանիկ չեմ եղել»: