19 հոկտեմբերի 2018 - 11:35 AMT
«Սադրանք է, դատախազություն ենք դիմելու». Միքայելյանը հերքում է քարոզարշավին դպրոցի տնօրենների մասնակցությունը

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Վահագն Գալստյանը հայտարարություն է տարածել, որտեղ հերքվում է տեղեկությունը, թե իբրև Միքայելյանի օգնականը զանգել է քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և հետաքրքրվել, թե «որքան մարդ է պատրաստ բերել իրենց հանրահավաքին»:

Ավելի վաղ ՀԿ-ն Բեկչյանի և Միքայելյան օգնական ներկայացած անձի հեռախոսազրույցի ձայնագրություն էր տարածել, որտեղ վերջինս հետաքրքրվում էր՝ թե քանի հոգի կարող է բերել Միքայելյանի հանրահավաքին:

«Ձայնագրությունը, որն իրականացրել է կազմակերպության ներկայացուցիչը, հերքում է հենց կազմակերպության կողմից տարածված տեղեկությունը: Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին զանգահարած և իբրև Սասուն Միքայելյանի օգնական ներկայացած մարդը, որ տնօրենից հետաքրքրվել է, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ին, մեկնարկող հանրահավաքին, ստանում է զարմացած պատասխան, և ակնհայտ երևում է, որ տնօրենն ուղղակի անտեղյակ է հանրահավաքի մասին: Նա զանգահարողից է իմանում, թե երբ և ինչ հավաք է սպասվում, ու տարակուսած հարցնում է. «Երևան պիտի գա՞նք»: Ավելին՝ ձայնագրության մեջ պարզ լսվում է, որ պահանջվող նախընտրական «կեպկաներից» չունի դպրոցի տնօրենը, որ բաժանի 9-րդ դասարանցիներին: Իսկ հավաքը, ի դեպ, նշանակված է ոչ թե ժամը 15:00-ին, այլ 16:00-ին: Այս ձայնագրությունը ևս մենք համարում ենք սադրանք», - նշված է հայտարարության մեջ:

Միքայելյանի նախընտրական շտաբը դիմում է ներկայացնելու դատախազություն, որպեսզի «տեղի ունեցածին իրավական գնահատական տրվի»:

«Պետք է ՀՀ ուժային կառույցները՝ հանուն ազատ և արդար ընտրությունների անխախտ սկզբունքների, անհապաղ պարզեն ուղղորդված սադրանք իրականացնողների շահագրգռվածությունը: Պետք է պատասխանատվության ենթարկվի այն անձը, որը զանգահարել է տնօրենին և ներկայացել որպես ԱԺ պատգամավորի օգնական: Մենք հետամուտ ենք լինելու ստի, կեղծիքի շուտափույթ բացահայտմանը», - նշված է հայտարարության մեջ:

Անդրադառնալով շտաբին վերագրվող այլ ընտրախախտումներին, նշել են, որ որևէ մեկը չի կարող երաշխավորել՝ որևէ թեկնածուի լուսանկարը քաղաքացիները կարող են փակցնել չնախատեսված վայրում: Նախընտրական շտաբը տեղեկանալուն պես բոլոր պաստառները անթույլատրելի հատվածներից օրենքով սահմանված ժամկետում հեռացրել է և տեղեկացրել ԿԸՀ-ին: