19 հոկտեմբերի 2018 - 13:07 AMT
«Սասնա ծռերը» կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին

«Սասնա ծռեր» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտարարել է կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Մասնակցության որոշումն արդեն կա, ձևաչափը դեռ պարզ չէ», - նշել է Վարուժան Ավետիսյանը։

Անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, որ արտախորհրդարանական ուժերի հետ կոնսոլիդացիայի մտադրություն ունեցող Գագիկ Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին՝ Վարուժան Ավետիսյանն ասել է, որ նման որոշում չկա։

Թե ով կգլխավորի նախընտրական ցուցակը և նմանատիպ այլ հարցերն, ըստ Ավետիսյանի, ընթացքում կորոշվեն։«Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն և բոլոր քաղաքական ուժերին չստիպեն կոնսոլիդացված ձևաչափով աշխատելու, ապա «Սասնա ծռեր» կուսակցությունը հանդես է գալու իր ծրագրով և նպատակներով և չի հարելու որևէ կողմին», - ասել է Ավետիսյանը։

Այն դիտարկմանը, թե ինչպես է գնահատում իրավիճակը, երբ իշխանության ներկայացուցիչները խորհրդարանական ուժերին սպառնում են, որ վարչապետի սեփական թեկնածու առաջադրելու դեպքում կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին Բաղրամյան պողոտայում, Վարուժան Ավետիսյանն արձագանքել է. «Այդ հարցով առաջին հերթին ժողովուրդն է սպառնում, մենք էլ ժողովրդի մի մասն ենք, այդ թվում նաև՝ կառավարությունը։ Այո՛, պետք է սպառնալ և պետք է հասկացնել, թե ով է երկրի իրական տերը»։

Ինչ վերաբերում է հարցին, թե կուսակցության համար որ տարբերակն է ձեռնտու. ընտրություններին գնալ ընտրական նոր, թե հին օրենսգրքով, ապա Ավետիսյանն ասել է, թե առաջարկվող նոր փոփոխություններն ավելի հարմար են։ «Չնայած, մենք ավելի արմատական փոփոխություններ էինք ակնկալում, բայց այս պահին եղածի մեջ ընտրություն կատարելու դեպքում, բնականաբար, նոր փոփոխությունները», - նկատել է Վարուժան Ավետիսյանը։

Հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել։ Ըստ Փաշինյանի ծրագրի երկու անգամ անընդմեջ խորհրդարանը չի ընտրի վարչապետ, որից հետո կլուծարվի օրենքի ուժով։ Դեկտեմբերին կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: