19 հոկտեմբերի 2018 - 15:37 AMT
Samsung-ն առջևի տեսախցիկները կտեղադրի դիսփլեյի տակ

Samsung ընկերությունն աշխատում է նոր տեխնոլոգիայի վրա, որը թույլ կտա թաքցնել տեսախցիկները սմարթֆոնների դիսփլեյի տակ: Այդ մասին հայտնել է Samsung_News ոչ պաշտոնական աքաունթը Twitter-ում:

Ըստ աղբյուրի, կորեացի արտադրողն արդեն բավարար քանակի նման նախատիպեր ունի սելֆի տեսախցիկներով, որոնք ներկառուցված են դիսփլեյի տակ: Այնուամենայնիվ, նման սմարթոֆնները կարտադրվեն 2020-ից ոչ շուտ:

Տեխնոլոգիան թույլ կտա լուծել առջևի տեսախցիկի տեղադրման խնդիրը և հրաժարվել դուրս քաշվող մոդուլներից կամ այլ հնարքներից, որոնք թույլ են տալիս պահպանել էկրանի չափը, գրում է Ferra.ru-ն:

Բավականին հայտնի չինացի ինսայդերը, որը հանդես է գալիս Ice Universe նիկով, Twitter-ի իր աքաունթում նաև հրապարակել է սմարթֆոնների ռենդերները՝ դիսփլեյի վրա տեսախցիկի համար նախատեսված կետային կտրվածքներով: Ըստ նրա, «անցքերով» դիսփլեյները լայն տարածում կստանան միայն 2019-ին: Այդպիսի տեսախցիկները շատ տեղ չեն զբաղեցնի առջևի պանելի վրա, սակայն, մշտապես տեսանելի կլինեն և կխանգարեն պատկերին: