19 հոկտեմբերի 2018 - 17:46 AMT
ՀՀ նախագահն ու Երևանի քաղաքապետը քննարկել են մայրաքաղաքի զարգացման հեռանկարները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր քաղաքապետին, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ մայրաքաղաքի զարգացման և նրա բնակիչների բարեկեցության:

Նախագահն ու քաղաքապետը մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների, ընթացիկ ու ապագա ծրագրերի շուրջ: Հայկ Մարությանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների մասին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիպումից հետո նախագահն ու քաղաքապետն այցելել են «Երևան իմ սեր» հիմնադրամ: Շրջայցի ընթացքում քաղաքապետը ծանոթացել է հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին:

«Երևան իմ սեր» հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին: ՀՀ նախագահը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: «Երևան իմ սեր» հիմնադրամի գործունեությունն ուղղված է Երևանի ճարտարապետական մշակութային ժառանգության վերականգնմանն ու պահպանմանը: Հիմնադրամը նպատակ է հետապնդում պահպանել և վերականգնել Երևանի ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերը, հարմարեցնել դրանք նոր և լուսավոր նպատակների և կրկին կիրառելի դարձնելով դրանք' բարելավել հաշմանդամ երեխաների, երիտասարդների և անապահով ընտանիքների կենսապայմանները և կյանքի որակը: