20 հոկտեմբերի 2018 - 13:24 AMT
Խոշտանգման մեղադրանքով կալանավորված ոստիկանների հարազատները բացել են Երևան-Սևան ճանապարհը

Հոկտեմբերի 20-ի վաղ առավոտից խոշտանգման կասկածանքով ձերբակալված ոստիկանների հարազատների կողմից փակած Երևան-Սևան ճանապարհը բաց է։ Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Բացատրական աշխատանքներ են տարվել հարազատների հետ, այս պահին ճանապարհը բաց է, երթևեկությունը՝ կարգավորված», - նշել է Ջանոյանը։

Ավելի վաղ խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորի հարազատները փակել էին Երևան-Սևանի ճանապարհը։ Հարազատները պահանջում էին ազատ արձակել ոստիկաններին։

Սևանում էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

Ոստիկանության աշխատակիցները ձերբակալվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Վերջիններս կասկածվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ:

Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակից Սևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: