20 հոկտեմբերի 2018 - 13:52 AMT
Ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարարը կարող է զրկվել ԱՄՆ-ում իր բիզնեսից

Ամերիկյան Union Bank բանկն արգելափակել է ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող Crocus Group ընկերության հաշիվները, ինչի հետևանքով դրա գործունեությունը կարող է դադարել, հայտնում է ռուսաստանյան RBK գործակալությունը։

Պատճառը BuzzFeed լրատվամիջոցում հրապարակումն է, համաձայն որի ընկերությունը հայտնվել է Ռուսաստանի Դաշնության հարցերով ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ուշադրության կենտրոնում։

Նրան հետաքրքրել է Աղալարովի՝ ԱՄՆ-ում ընկերության ներկայացուցիչ Իրակլի Կավելաձեին $3.3 մլն-ի դրամական փոխանցումը, այն նույն օրը, երբ ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայան հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդու հետ։

Ավելի վաղ Աղալարովի անունը հիշատակվել է նաև ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության հայցով հարուցված դատական գործում՝ ընդդեմ Թրամփի։ Կուսակցությունը մեղադրում էր Թրամփին ՌԴ իշխանությունների և հետախուզության հետ գործակցության մեջ՝ 2016 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ։

Արազ Աղալարովի որդին՝ երգիչ Էմին Աղալարովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դստեր՝ Լեյլա Ալիևայի, նախկին ամուսինն է։