7 նոյեմբերի 2018 - 11:06 AMT
Լոնդոնում ձերբակալել են ադրբեջանցի բանկիրի կնոջը

Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի կինը՝ Զամիրա Հաջիևան, որը Լոնդոնի էլիտային Harrods հանրախանութում 10 տարում ավելի քան 16 մլն ֆունտ ստեռլինգ կամ մոտ 18 մլն եվրո է ծախսել, ձերբակալվել է: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:

Կնոջը ձերբակալել են՝ արտահանձնման հարցում ստանալով Ադրբեջանի իշխանություններից, գրում է Deutsche Welle-ն:

Դատարանում հայտարարել են, որ Հաջիևային կարող են ազատ արձակել 500 հազար ֆունտ ստեռլինգ գրավի դիմաց։ Այդ դեպքում նա պետք է ապրի Լոնդոնի իր տանը և ամեն օր գրանցվի ոստիկանությունում։ Դատախազությունը վիճարկել է այդ որոշումը, քանի որ Հաջիևան կալանքի տակ պետք է մնա մինչև նոյեմբերի 8-ը, երբ քննվելու է բողոքարկման դիմումը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը 55-ամյա Հաջիևայի մոտից առգրավել էր մոտ 400,000 ֆունտի ոսկերչական իրեր: Նրա մոտ հայտնաբերել են ավելի քան 50 թանկարժեք զարդ, որոնք աճուրդի են հանվել Christie's-ում: Առգրավվածի մաս է կազմել նաև Boucheron սապֆիրը; Հաջիևան առաջին օտարերկրացին է Մեծ Բրիտանիայում, որից պահանջում են ներկայացնել իր միջոցների ծագումը:

Հաջիևայի ամուսինը 2016-ին հեռակա կարգով Ադրբեջանում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խարդախության և յուրացման համար: Ջահանգիր Հաջիևն Ադրբեջանի պետական բանկի նախագահն էր: