7 նոյեմբերի 2018 - 12:08 AMT
Համաներումը տարածվել է նաև Իրանի 7 քաղաքացու վրա

Հայաստանում հայտարարված համաներումը տարածվել է նաև Հայաստանում պատիժը կրող որոշ օտարերկրացիների վրա: Մանավորապես ազատ է արձակվել Իրանի 7 քաղաքացի, հայտնում է IRNA գործակալությունը:

Երևանում Իրանի դեսպանությունը գործակալությանը պարզաբանել է, որ այդ քայլը պայմանավորված է Իրան-Հայաստան բարեկամական կապերով և դրանք զարգացնելու ցանկությամբ: Դեսպանատունը հայտնել է նաև, որ ՀՀ և Իրանի համատեղ համաներման շրջանակում կարող են ազատ արձակվել կամ արտահանձնվել Հայաստանում պատիժը կրող նաև այլ իրանցիներ:

Նոյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը։

Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6500 անձի վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։