7 նոյեմբերի 2018 - 16:24 AMT
Վանեցյանը ՖԻՖԱ-ի նախագահին Հայաստան է հրավիրել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյին հրավիրել է Հայաստան: Նախնական պահմանավորվածության համաձայն՝ ՖԻՖԱ-ի նախագահի այցը Հայաստան տեղի կունենա 2019-ին:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը Ցյուրիխում Ինֆանտինոյին են ներկայացրել ՀՀ-ում ֆուտբոլի զարգացման հեռանկարները:

Նոյեմբերի 6-ին կայացել է ՖԻՖԱ-ի նախագահի և ՀՖՖ ղեկավար կազմի հանդիպումը, որի ընթացքում Արթուր Վանեցյանը և Արմեն Մելիքբեկյանը մասնավորապես ներկայացրել են մասսայական ֆուտբոլի խթանման նպատակով մարզային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև մանկապատանեկան ֆուտբոլում իրականացվելիք ծրագրերը:

ՀՖՖ-ի կողմից ներկայացված ծրագրերն արժանացել են բարձր գնահատականի, և ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն հայտարարել է, որ իրականություն դառնալու դեպքում դրանք կարող են օրինակելի դառնալ նաև այլ երկրների համար, հայտնում է ՀՖՖ կայքը: