7 նոյեմբերի 2018 - 17:11 AMT
«Սպիտակը» կցուցադրվի ԱՄՆ քաղաքներում

Հայաստանից Օսկարի առաջադրված հայ-ռուսական արտադրության «Սպիտակ» ֆիլմը 1988-ի երկրաշարժի մասին ցուցադրվելու է ԱՄՆ-ում: Այդ մասին հայտնել է ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտը՝ հավելելով, որ ցուցադրություններ կլինեն Վաշինգտոնում, Մայամիում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում:

Խոսելով Օսկարին արժանանալու շանսերի մասին՝ ռեժիսորն ասել է. «Ճիշտն ասած, կարծում եմ, որ շանսեր կան, ինչպես բոլորի մոտ, բայց ոչ այնքան մեծ: Մեր կինոն չեն ցուցադրել Կաննում, Բեռլինում: Ես հաղթանակի հույս չունեմ, սակայն Հայաստանից Օսկարին առաջադրվելն ինքնին արդեն մեծ քայլ է»:

Ռուսաստանում ֆիլմն էկրան կբարձրանա նոյեմբերի 29-ին:

Թեև «Սպիտակը» հիմնված է իրական դեպքերի վրա, այն չի կարելի քրոնիկոն համարել: Ռեժիսորը միտումնավոր կադրի ետևում է թողնում վիզաուլ սարսափները՝ կենտրոնանալով հերոսների ապրումների վրա: Ֆիլմում գրեթե բառեր չկան՝ կերպարների վիշտը լուռ է: Ըստ ռեժիսորի, նա ձգտել է ֆիլմի միջոցով փոխանցել հանդիսատեսին այն մարդկանց «խուճապը, հուսալքությունը, արիությունն ու հերոսությունը, որոնք ի հեճուկս տարերքի փորձում էին գտնել իրենց տունն ու հարազատներին: «Սա ֆիլմ ռեքվիեմ է, սա կինո է մի մարդու մասին, որը գտել է իրեն: Ցավոք՝ ողբերգության գնով»,-ասել է Կոտտը:

Գլխավոր դերը կատարել է Լեռնիկ Հարությունյանը: Սյուժեով նա ռուս ընկեր ունի, որին խաղում է Օլեգ Վասիլկովը, իսկ քաղպաշտպանության զինվորների դերակատարներն են Ալեքսանդր Կուզնեցովը ու Կոնստանտին Պոյարկովը: Ֆիլմում նաև ֆրանսիացի դերասաններ են նկարահանվել՝ Օլիվյե Պեյջեսն ու Ժոզեֆին Ժապին, որը հայտնի է Մելանի Լորանի «Ես շնչում» եմ ֆիլմով, որը ներկայացվել էր «Սեզարի»:

Ռուսաստանցի ռեժիսորներն առաջին անգամը չէ, որ դիում են Սպիտակի երկրաշարժի թեմային: 2016-ի դեկտեմբերին էկրաններ բարձրացավ ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը նույնպես պատմում է Սպիտակի երկրաշարժի մասին: