8 նոյեմբերի 2018 - 12:52 AMT
Յուրի Խաչատուրովը Հայաստան է վերադարձել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվելուց հետո Յուրի Խաչատուրովն անմիջապես վերադարձել է Հայաստան։

«Պարոն Խաչատուրովն այժմ Երևանում է»,- տեղեկացրել է Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, հայտնում է Panorama.am-ը:

Խաչատուրովն այս ընթացքում որևէ անգամ հարցաքննության չի կանչվել։ Փաստաբանը կարծում է, որ դա ամենևին էլ պայմանավորված չէր նրա՝ Հայաստանում չգտնվելով։ «Յուրի Խաչատուրովը չի խուսափում արդարադատությունից»,-նշել է փաստաբանը։

Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նման միջնորդություն ներկայացրել էր հայկական կողմը, երբ մարտի 1-ի գործով Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։