9 նոյեմբերի 2018 - 10:37 AMT
Ըստ Նազարբաևի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը:

«Կոլիզիա է առաջացել կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը, որը կազմակերպության գլխավոր քարտուղարն էր, հետ է կանչվել: Ըստ կանոնադրության, Հայաստանին հաջորդում է Բելառուսը»,-ասել է Նազարբաևն Աստանայում լրագրողներին ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարներն ասել են, որ կազմակերպությանը գործող գլխավոր քարտուղար է հարկավոր բելառուսական կողմից: Այդ հարցը մենք կորոշենք դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում»,-ասել է Նազարբաևը:

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը, ինչպես նաև ԵՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովները:Գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը:

Ավելի վաղ ռուսաստանյան «Կոմերսանտը» գրել էր, որ հնարավոր է՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշվի գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցել Բելառուսին, այդ դեպքում նոր գլխավոր քարտուղար կդառնա այդ երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը: Մինչդեռ հայկական կողմը հակված է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020 թվականը՝ առաջարկելով սեփական թեկնածուին:

Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նման միջնորդություն ներկայացրել էր հայկական կողմը, երբ մարտի 1-ի գործով Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել։