10 նոյեմբերի 2018 - 12:59 AMT
Իտալիայում ուզում են կտրուկ բարձրացնել նպաստները՝ հասցնելով ամսական 780 եվրոյի

Իտալիայի նոր կառավարությունն առաջարկում է իր առաջին բյուջեում կտրուկ ավելացնել աղքատներին ու գործազուրկներին տրվող նպաստների չափը՝ հասցնելով մինչև ամսական 780 եվրոյի: Դա կօգնի Իտալիայի հարավի բնակիչներից շատերին, հատկապես երիտասարդներին, որոնց դժվար է մշտական աշխատանք գտնել և որոնք հազիվ են հոգում իրենց կարիքները:

Այդ նախաձեռնության հեղինակն է Իտալիայի վարչապետի տեղակալ և կոալիցիոն կառավարության անդամ «Հինգ աստղի շարժում» կուսակցության նախագահ Լուիջի դի Մայոն, գրում է «Վեդոմոստին»: Բարձր նպաստները թույլ կտան ոչ միայն ավելացնել սպառողական ծախսերը, հարկային մուտքերն ու տնտեսական աճի տեմպերը, այլ նաև կնպաստեն «աղքատության հաղթահարմանը», կարծում են կառավարությունում:

Մանրամասներն այն մասին, թե ով, երբ և որքան պետք է ստանա, դեռ չկան: Սակայն ծրագիրը կարող է օգնել Իտալիայի հարավի բնակիչներին, որտեղ երիտասարդների աշխատավարձն իրենց առաջին աշխատատեղում կազմում է ամսական 840 եվրո, իսկ բարձրագույն կրթություն չունեցողների դեպքում՝ 700 եվրո:

Թոշակառուներն Իտալիայում մոտ 500 եվրո են ստանում: Ըստ իտալական ԶԼՄ-ների, փոփոխությունների համար պետական բյուջեից կպահանջվի 33,5 մլրդ եվրո: