10 նոյեմբերի 2018 - 14:55 AMT
Երևանի նոր ՋԷԿ-ը 27.4 դրամով ՀՀ-ում ամենաէժան էլէներգիան կարտադրի

Երևանում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայանը 27.4 դրամով կարտադրի ամենաէժան էլեկտրական էներգիան Հայաստանում։

Կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութի հաղորդմամբ, իտալական «Ռենկո» և գերմանական Siemens ընկերությունների հետ համատեղ կառուցվող կայանում հնարավոր կլինի 1կՎտ/ժ էլէներգիա արտադրել 230 գրամ գազի ծախսով. սա թույլ կտա ավելի էժան սակագնով էլէներգիա ստանալ։

Նախորդ իշխանությունների պայմանավորվածությունների համաձայն՝ ներդրող կողմն էներգիան արտադրելու էր 6.2 ամերիկյան ցենտի դիմաց, նոր իշխանությունների հետ վերաբանակցման արդյուքնում գինը նվազել է 5.7 ցենտի։

Ըստ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի՝ սա թույլ կտա տարեկան խնայել $6.4 մլն։ Կայանը կկառուցվի 26 ամսվա ընթացքում, շինարարությունը կսկվի 2018 թվականի վերջին, որին կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ։

Աշխատակիցներից 50-70-ն արդեն կառուցման ընթացքում կգործուղվի Գերմանիա՝ Siemens ընկերությունում վերապատրաստվելու և որակավորում ստանալու համար։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր՝ Երևանի նոր ՋԷԿ-ի մասով էլէներգիայի գնի վրա դրական ազդող համաձայնություն կա։ «Ռենկո» ընկերության կողմից Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը (էլէկտրակայանը) պատասխանատուների և մասնագետների հավաստմամբ, նախագծվել է ամենաժամանակակից և որակյալ սարքավորումների ու գիտական փորձի ներդրմամբ, որը երաշխավորում է կայանի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Միջոցառման մասնակիցները կայանի կառուցումը կարևոր քայլ են համարել հաջորդ տասնամյակներում Երևանի բնակիչների էներգետիկ ապահովության և բարեկեցության համար:

ՋԷԿ-ը կառուցելու պլանների մասին ընկերությունը հայտնել էր դեռ 2015 թվականին։