12 նոյեմբերի 2018 - 10:26 AMT
Վիգեն Սարգսյան. Որևէ կուսակցություն չպետք է ու չի կարող միշտ լինել իշխանություն

Որևէ կուսակցություն չպետք է ու չի կարող միշտ լինել իշխանություն: Այդ մասին հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, արտահերթ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Բոլոր իմ գործընկերներին, ինձ շատ հաճախ բարին ցանկացողները խորհուրդ են տվել, որ «գիտե՞ք շատ լավ կլինի, եթե դուք ձեր փորձով առանձնանաք, մի նոր բան ստեղծեք, ժողովուրդը ձեզ կվստահի, կհավատա»։ Մեր թիմը քաղաքական թիմ է ու դա ամուր թիմ է, որը կարող է դիմակայել բարդ իրավիճակներին ու գոնե այն մարդիկ, ովքեր քաղաքական կորիզն են կազմում կուսակցության ու առաջիկա ընտրություններին լինելու են նաև մեր ցուցակի առանցքում, եղել են կուսակցության անդամ ոչ այն պատճառով, որ այն եղել է իշխանություն։ Համարել ենք, որ ՀՀԿ-ն ունի առաքելություն, ունի գաղափարական օրակարգ, որն այսօր էլ ավելի է պահանջված, քան երբևէ», - ասոլ է Վիգեն Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Վիգեն Սարգսյանը հավելել է նաև, որ ՀՀԿ-ն շատ հետաքրքիր գործընթացի միջով է անցնում՝ դա կարգավիճակի տրանսֆորմացիա է ու կուսակցությունը փորձելու է այս կարգավիճակով իր ներդրումն ունենալ երկրի զարգացման հարցում:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ ՀՀԿ փոխնախագահը նշել է, որ դրանք չափազանց արագացված են, ինչը խաթարում է քաղաքական գործընթացները։

Նա հավելել է, որ ՀՀԿ սխալներից մեկը ժամանակի մեջ եղել է այն, որ միգուցե կուսակցությունը կորցրել է ուղիղ կապը կուսակցական գործընկերների հետ տեղերում», - ասել է Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե խոսակցություններ կային, որ Սերժ Սարգսյանը, հնարավոր է, էլ չգլխավորի ՀՀԿ-ն։

Ընտրություններից հետո, Վիգեն Սարգսյանի խոսքով, կուսակցությունը համագումար կանցկացնի։

Վիգեն Սարգսյանը ողջունել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններում բանավեճի ավանդույթի հիմքերը դնելու մասին հայտարարությունը:

«Անպայման կմասնակցեմ բանավեճին: Ես շատ ուրախ եմ, որ վարչապետը եկել է այդ նույն համոզման, որը անցյալ ընտրությունների ժամանակ ես արտահայտել եմ: Եթե որևէ մեկը չի գալիս բանավեճի, դա իր թուլությունն է: Բանավեճի անպայման պետք է գնալ, մասնակցել», -հայտարարել է ՀՀԿ փոխնախագահը:

Նոյեմբերի 11-ին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո ՀՀ ՊՆ նախկին նախարար, ՀՀԿ նախագահի նորընտիր առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Վիգեն Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ ցուցակը։ ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին։

Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ չի ընտրել վարչապետ և արձակվել է իրավունքի ուժով:ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: