12 նոյեմբերի 2018 - 10:38 AMT
ՀՀԿ-ն Փաշինյանին «Մարտի 1-ի հրահրիչ» է անվանել

Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական հայտարարության նախագիծ է տարածել, որտեղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Մարտի 1-ի դեպքերը հրահրելու մեջ:

«Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետը հանդիպեց ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով, որ հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է եղել 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, որոնց արդյունքում եղան մարդկային զոհեր, ՀՀ վարչապետը նրան հիշեցրեց իրավիճակի սրման վտանգները և իրավապահների հետ բախումների պարագայում հնարավոր հետևանքների ծանրությունը: Սակայն հանրությանը դա ներկայացվեց որպես ցուցարարների դեմ ուժ կիրառելու սպառնալիք, թեև հետագա գործողությունները, ինչպես նաև ապրիլի 22-ի հանդիպմանը նախորդած օրերին իրավապահների քայլերը հստակ ցույց տվեցին, որ իշխանությունները չունեին նման ծրագրեր և նպատակներ», - ասվում է նախագծում:

Մարտի 1-ի դեպքերից 10 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ: