12 նոյեմբերի 2018 - 11:09 AMT
Նոր Նորքում 1100 քմ ապօրինի կառույց է ապամոնտաժվում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվում է ավելի քան 1100 քմ ապօրինի կառույցը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Կառուցապատողը մի քանի անգամ զգուշացվել է, որ պետք է առնվազն կասեցնի շինարարությունը: Ընդ որում, գործ ունենք համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի ապօրինի զավթման դեպքի հետ»,- ասել է Կարապետյանը:

Ավելի վաղ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել է, որ վերջ է դնելու ապօրինի շինարարությանը մայրաքաղաքում, սրան զուգահեռ պարզեցվելու են օրինական շինարարության թույլատվության ընթացակարգերը: