12 նոյեմբերի 2018 - 12:31 AMT
Կալիֆորնիայում անտառային հրդեհներից ավելի քան 30 մարդ զոհվել է, մոտ 230-ն՝ անհետ կորել

Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի: Եվս 228 մարդ անհետ կորած է համարվում: Զոհվածների և ողջ մնացածների որոնումները շարունակվում են:

Հրդեհն ամենամահացուն է նահանգում վերջին 85 տարում: Ըստ շերիֆ Քորի Հոնի, հաճախ փորձագետները ստիպված են լինում աշխատելու զոհվածների ոսկրերի հատվածների հետ միայն՝ մնացած ամեն ինչ կրակը ոչնչացրել է: Տեղում աշխատում է շարժական գենետիկ լաբորատորիա, գրում է Lenta.ru-ն The Guardian-ի վրա հղումով:

Աղետի հետևանքով ավելի քան 52,000 մարդ ստիպված է եղել հեռանալ տներից, նրանցից մոտ 1,300-ը ժամանակավոր ապաստարաններում են: Հրդեհը մարում է ավելի քան 8,000 հրշեջ:

Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 450 քկմ: Միաժամանակ անտառներն այրվում են մի քանի վայրում: Որպես պատճառ նշվում է չոր եղանակն ու ուժեղ քամին, որի հետևանքով որոշ վայրերում կրակը տարածվում է ժամում 80 կմ արագությամբ: