15 նոյեմբերի 2018 - 17:20 AMT
ՊՆ պատվիրակությունը Բուլղարիայում քննարկել է ռազմատեխնիկական գործակցության հարցեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Բուլղարիայում քննարկել է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։

Պատվիրակությունը Բուլղարիայի Հանրապետությունում է պաշտոնական այցով: Այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակաչանովի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անդրեյ Բոթսևի հետ։

Ամփոփվել են փոխգործակցության շրջանակներում 2018թ. ընթացքում իրականացված աշխատանքները և նախանշվել համագործակցության զարգացան հեռանկարները: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությանը պաշտոնական արարողակարգային միջոցառումների ընթացքում ուղեկցել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է բուլղարական ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ, ծաղկեպսակ զետեղել Անհայտ զինվորի հուշարձանին: