16 նոյեմբերի 2018 - 12:27 AMT
Հայաստանում կարող են թանկանալ ծխախոտն, ալկոհոլն ու գազավորված ըմպելիքները

Հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը ենթադրում է ակցիզային հարկի բարձրացում ծխախոտի և ալկոհոլի համար։

Գործող հարկային օրենսգրքով ենթադրվում էր ծխախոտի ակցիզի աստիճանական թանկացում՝ 1000 հատի համար 7275 դրամից մինչև 11,070 դրամ՝ 2021-ին, կամ 1 տուփի համար՝ 145,5 դրամից մինչև 221,4 դրամ։ Նոր փոփոխություններով 2021-ին ակցիզը 1000 ծխախոտի համար կբարձրանա առաջանցիկ տեմպերով՝ հասնելով մինչև 12,730 դրամի կամ 254․6 դրամի 1 տուփի համար։

Գարեջրի 1 լիտրի ակցիզը 105 դրամից կբարձրանա մինչև 150 դրամ, արդեն 2019-ից՝ մինչև 140 դրամ։ Օղու հիմնական պարունակության՝ էթիլային սպիրտի 1 լիտրի համար ակցիզը 900-ից մինչև 2000 դրամ կբարձրանա արդեն 2019-ին, իսկ 2021-ից այն 3380 դրամ կկազմի։

Բացի այդ, կբարձրանա օղու իրացման նվազագույն գինը․ այսօր այն 100%-անոց 1 լիտր սպիրտի հաշվով 3500 դրամ է կազմում, առաջարկվում է բարձրացնել այն մինչև 6000 դրամ, ինչի հետևանքով 0,5 լիտր 40% սպիրտի պարունակության օղու գինը 700-ից 1200 դրամ կդառնա։

Նաև առաջարկվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ակցիզային հարկով հարկել 100 գրամ ըմպե­լիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները․ դրա տակ կընկնեն գազավորված ըմելիքների զգալի մասն ու այժմ վաճառվող որոշ հյութեր։ Ակցիզը կսահմանվի արժեքի 10%, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 30 դրամի չափով․ նվազագույնն այդքանով էլ կթանկանա գազավորված ըմպելիքի 1-լիտրանոց շիշը։

Կարդացեք նաև․ Հարկային օրենսգքրի փոփոխթւոյունները նախատեսում են շահութահարկի ու եկամտահարկի նվազեցում