16 նոյեմբերի 2018 - 12:34 AMT
Գալուստ Սահակյանն ԱԺ-ում տապալել է 2 օրինագծի ընդունում

Ազգային ժողովում հունվարի 16-ին հնարավոր է եղել ուշացումով քվորում ապահովել, սակայն քվեարկության դրված նախագծերի մեծ մասը տապալվել է, քանի որ պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը:

Մասնավորապես, քվեարկությանը չի մասնակցել ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը, որի գրանցումից հետո հնարավոր եղավ ապահովել 53 պատգամավորի ներկայություն և նիստը մեկնարկեց, հայտնում է Aysor.am-ը: :

Սահակյանը նախ չի մասնակցել «Պետական համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քվեարկությանը, որի արդյունքում 51 կողմ, 1 ձեռնպահ ձայներով նախագիծը չի ընդունվել: ԱԺ նախագահը ճշտել է Գալուստ Սահակյանից արդյոք նա քվեարկել է և տեխնիկական պատճառով քվեարկությունը չի գրանցվել, թե չի ցանկացել քվեարկել: Գալուստ Սահակյանը հաստատեց, որ չի քվեարկել:

Այնուհետև քվեարկության է դրվել ԵԼՔ-ի պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղի գովազդի հեռարձակումը հեռուստատեսությամբ, ռադիոյով և համացանցով: Այս խաղերի գովազդը նախագծի ընդունման դեպքում թույլատրվելու էր իրականացնել գիշերային ժամերին՝ 23:00-06:00-ը: Հրաչյա Հակոբյանը հորդորել է Գալուստ Սահակյանին այս անգամ մասնակցել քվեարկությունը և կարևորել օրենքի նախագծի ընդունումը:

Մինչդեռ դահլիճում ներկա պատգամավորներից կրկին միայն Գալուստ Սահակյանը չի մասնակցել քվեարկությանը և 52 կողմ ձայնով նախագիծը չի ընդունվել: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը պահանջել է վերաքվեարկության դնել օրենքի նախագիծը, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբալոյանը հրաժարվել է՝ նշելով. «Ես կարող եմ դնել վերաքվերակության, եթե չքվեարկած պատագամավորը հայատարարի, որ չի ստացվել քվեարկել: Եթե չի հայտարարում, ուրեմն սկզբունքորեն չի քվեարկել: Ես չեմ կարող ճնշել պատգամավորին»:

Հաջորդիվ քվերակության է դրվել ԵԼՔ-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Այս անգամ էլ Նաիրա Զոհրաբյանը հորդորել է գործընկերներին քվեարկել:

«Հորդորում եմ բոլոր ընկերներին, ովքեր հումորի համար են նստել դահլիճում, հասկանալ, որ ՀՀ բոլոր կալանավայրերում հետևում են այս քվեարկությանը», - ասել է նա:

Մինչդեռ Գալուստ Սահակյանն այս անգամ ևս տեղի չի տվել ու չի մասնակցեց քվեարկությանը: Ավելի ուշ դահլիճը լքել են նաև մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ, ինչը անհնար է դարձրել հետագա նախագծերի ընդունումը:

Սա առաջացրել է ԵԼՔ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների զայրույթը: