16 նոյեմբերի 2018 - 12:53 AMT
Inspired by Her Academy նախագծի հաղթողը հայտնի է, կմեկնի արտերկիր՝ պրակտիկայի

Ամփոփվել են «Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ օգոստոսին մեկնարկած և Հայաստանում առաջին անգամ իրականացվող Inspired by Her (IBH) Academy նախագիծը, որի արդյունքում մասնակիցները ներկայացրել են իրենց գաղափարների հիման վրա ստեղծված գործարար նախագծերը, իսկ լավագույն մասնակիցը ստացել է հատուկ մրցանակը։

Ծրագիրը բացի Հայաստանից իրականացվել է նաև Աֆղանստանում, Պակիստանում և շուտով կմեկնարկի Մեծ Բրիտանիայում։ Նախագիծն իրականացվել է 3 փուլով։

Առաջին փուլում (օգոստոս-սեպտեմբեր) մասնակիցները ձեռք են բերել տարատեսակ գիտելիքներ և հմտություններ փորձառու մասնագետների դասավանդմամբ ամենաարդիական թեմաների շուրջ՝ մարքեթինգ, agile մենեջմենթ, հաղորդակցության հմտություններ, անձնային աճ (էմոցիոնալ ինտելեկտի զարգացում, յոգա), սոցիալական ձեռներեցություն, քրաուդֆանդինգի հինունքներ և այլ հմտությունների զարգացում։ Փուլի ավարտին մասնակիցները խմբերի են բաժանվել ընդհանուր գաղափարների շուրջ և աշխատել թիմերով։

Նախագծի շրջանակներում մասնակից երիտասարդ աղջիկներիը հանդիպումներ են ունեցել գործարարների հետ՝ ONEX և Yecup ընկերությունների հիմնադիրները կիսվել են իրենց փորձով՝ կառավարման և հաջողությունների գաղտնիքներով։

Երկրորդ փուլը (հոկտեմբեր) մենթորային ծրագիրն էր․ մասնակիցները իրենց գաղափարների շուրջ քննարկումներ են ունեցել մասնագետների հետ և իրենց գաղափարները վերածել ծրագրերի, նախագծել իրականացման գործընթացը։

Երրորդ փուլում (նոյեմբերի 12) արդեն ծրագիրը ներկայացվել է ժյուրիին։

Ժյուրիի կազմում էին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, GIZ Կանանց ձեռներեցության և արդյունքների մոնիտորինգի գծով խորհրդատու Մարգարիտա Հակոբջանյանը, «Ռոստելեկոմ» Հայաստանի Արտաքին կոմունիկացիաների բաժնի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանը։

Հաղթող է ճանաչվել Soup2Go թիմը և ի թիվս այլ մրցանակների, նրանց պրոֆեսիոնալ խորհրդատվություն կտրամադրվի նախագծի իրականացման ողջ ընթացքում։ Լավագույն մասնակից ճանաչված Լանա Լանդաուին հնարավորություն է ընձեռվել փոխանակման ծրագրի շրջանակներում արտերկրում մեկամսյա պրակտիկա անցնելու՝ սովորելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու սեփական միջավայրից դուրս։

Մրցանակներ են տրամադրվել նաև ակտիվ մասնակից և այլ անվանակարգերում, ինչպես նաև՝ շնորհվել են հատուկ մրցանակներ գործընկեր կազմակերպությունների կողմից։

Inspired by Her Academy-ն եռամսյա ինտենսիվ կրթական և սկսնակ ձեռներեցությանն աջակցող նախագիծ է՝ ուղղված ընդլայնելու նախաձեռնող կանանց շրջանակը և նրանց սովորեցնելու գաղափարի ծագումից մինչ իրագործում ողջ շղթայի նրբությունները: Այս յուրահատուկ մոտեցման շնորհիվ, ակադեմիան հնարավորություն է ընձեռում կանանց՝ ձեռք բերելու ինքնավստահություն, ստանալու պրակտիկ գործիքներ և զարգացնելու կառավարման հմտությունները: Նախագծի ողջ ընթացքում ուսանողներին դասավանդել և առաջնորդել են միջազգային և հայաստանյան կայացած մասնագետներ՝ հնարավորություն տալով հանդես գալու սեփական նախաձեռնություններով և հետագայում իրենց հաջողություններով դառնալու ոգեշնչման աղբյուր շրջապատող մարդկանց համար։