16 նոյեմբերի 2018 - 13:59 AMT
ՕԵԿ-ից Երևանի ավագանու թեկնածուն ընտրակաշառք է առաջարկել հանձնաժողովի անդամներին

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու Լ. Մ.-ն խոչընդոտել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև նրանց` որպես քաղաքացու, ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը:

Ըստ մեղադրանքի` Լ. Մ.-ն 2018 թվականի սեպտեմբերի 16-ին «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական շտաբում հանդիպել է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ Լ. Ջ.-ին ու Է. Ջ.-ին և նրանցից պահանջել հանձնաժողովի անդամի համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վճարվող 55,000 դրամ աշխատավարձի դիմաց 10-ական ձայն ապահովել նշված կուսակցության օգտին, հակառակ դեպքում՝ հայտնել ինքնաբացարկներ: Լ. Ջ.-ն ու Է. Ջ.-ն ներկայացրել են ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ գրավոր դիմումներ ու հեռացել նախընտրական շտաբից:

Այնուհետև, կատարվածի վերաբերյալ իրենց դժգոհությունները «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը հայտնելուց հետո, Լ. Ջ.-ն ու Է. Ջ.-ն 2018 թվականի սեպտեմբերի 18-ին ԿԸՀ-ից տեղեկացել են, որ վերականգնվել են համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես անդամներ և կարող են կրկին իրականացնել իրենց լիազորությունները:

Լ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: