16 նոյեմբերի 2018 - 14:47 AMT
Քաղաքապետարանը շինթույլտվություն կտա առավելագույնը 15 օրում

Երևանում շինարարական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն: Գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, փաստաթղթերի ցանկը, ձևաթղթերը, դիմումի օրինակները հասանելի են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Մեկ պատուհան» բաժնում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը նշել է, որ քաղաքացիներն առաջին փուլով պետք է ներկայացնեն էսքիզային տարբերակ, թե ինչ շինարարական աշխատանքն են պատրաստվում իրականացնել, որի հիման վրա տրամադրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք: Անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ այն ներկայացնելով քաղաքապետարան՝ քաղաքացիները սահմանված ժամկետում կստանան շինարարության թույլտվություն:

Եթե բնակելի տունը կամ այգետնակը քաղաքաշինական գոտուց դուրս է, ապա օրինակ՝ պատշգամբի, տանիքի կառուցման կամ վերակառուցման համար թույլտվությունները կարելի է ստանալ նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից: Կախված շինարարության տեսակից՝ թույլտվությունը տրամադրվում է առավեագույնը 15 օրում:

«Եթե դուք արդեն ստացել եք թույլտվություն, ապա կարևոր է պահպանել շինարարական հրապարակների՝ ավագանու որոշմամբ սահմանված պայմանները: Նախ՝ տեսանելի վայրում փակցնել իրազեկող ցուցանակներ, որտեղ պետք է լինեն կառույցի վերջնական տեսքը, շինթույլտվության տրամադրման ամսաթիվը, համարն ու ժամկետը, նաև տվյալներ սեփականատիրոջ, կառուցապատողի մասին և մի շարք այլ տեղեկություններ: Հաճախ հենց այս ցուցանակների բացակայության պատճառով են քաղաքացիներն ահազանգում ապօրինի շինարարության մասին»,-նշել է Ռուբեն Խոջայանը:

Վիճակագրության համաձայն, 2018-ի նոյեմբերի 1-15-ը քաղաքացիների կողմից ստացվել է հողազավթման և ապօրինի շինարարության 91 ահազանգ, որոնցից 36 դեպքում շինարարությունն անօրինական է ճանաչվել: 30-ի նկատմամբ նշանակվել է վարչական տույժ, 11-ի հետևանքներն էլ վերացված են:

Քաղաքացիների կողմից ապօրինության հետևանքները սեփական ուժերով չվերացնելու դեպքում վարչական շրջանների ուժերով ապօրինի կառույցը քանդվում է: Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս տեղեկացնում է՝ մայրաքաղաքում առանց թույլտվության այլևս որևէ շինարարություն չի իրականացվելու: