16 նոյեմբերի 2018 - 16:05 AMT
Մնացականյան. ՀՀ-ն ամերիկյան զենք գնելու առաջարկ չի ստացել

Հայաստանն ամերիկյան զենք գնելու առաջարկ չի ստացել: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարության մասին, որ ՀՀ-ն կարող է ամերիկյան զենք գնել:

«Ոչ մի առաջարկ Հայաստանը չի ստացել: Ավելին, մեր երկիրը գտնվում է շատ զգայուն մի տարածաշրջանում, որտեղ չկարգավորված հակամարտություն կա, և խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև խաղաղության հաստատմանը նպաստող մթնոլորտը, շատ կարևոր են մեզ համար: Սպառազինությունների մրցավազքը նման պայմաններում շատ վտանգավոր է»,-ասել է նա:

Նա հավելել է նաև, որ երբ Հայաստանը դժգոհություն է հայտնում Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ՝ շեշտում է, որ «չի կարող վերաբերվել դրան որպես զուտ գործարքի, այլ ընկալում է որպես զենք, որը խլում է հայրենակիցների կյանքը՝ զինվորների, քաղաքացիական բնակչության»:

«Ղարաբաղյան հակամարտությունն առաջին հերթին առնչվում է մարդկանց, խոսքը 150.000 մարդու ֆիզիկական անվտանգության մասին է: Եվ մենք արել և անելու ենք ամեն հնարավորը նրանց էքզիստենցիալ անվտանգության պատշաճ ապահովման համար: Բնականաբար ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել մեր մարտունակությունն ու որպես այդ մարդկանց երաշխավոր գործելու վճռականությունը: Միևնույն ժամանակ, Հայաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է նա:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ առաջացած խնդիրներին: Նա ասել է, որ Հայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դրա համար երկիրը լավ կադրային ներուժ ունի: Մնացականյանը շեշտել է նաև, որ Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գործող քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, քանի որ ծագել էին ներքին բնույթի իրավական խնդիրներ: «Հայաստանն ամեն ինչ արել է, որպեսզի հենց սկզբից տարանջատի կազմակերպությունն ու մեր երկրի ներքին խնդիրները»,-ասել է Մնացականյանը: